Այս դեպքի մասին շատ են գրել, պատմել, բայց չեմ զլանա, մի անգամ էլ կպատմեմ…կոմունիստական տարիներն էին, հայրս պաշտոնյա էր

Հետաքրքիր

Այս դեպքի մասին շատ են գրել, պատմել, բայց չեմ զլանա, մի անգամ էլ կպատմեմ։ Կոմունիստական տարիներն էին։ Հայրս պաշտոնյա էր։ Ապրում էինք պետական շենքում, կողքին նույնպես պետական շենք կար։ Վատ ժամանակներ էին, հետպատերազմյան երկրորդ տասնամյակն էր ու ողջ երկիրը շինարարությամբ էր զբաղված:

Հիվանդացել էի: Մայրս հարցնում է՝ ինչ է սիրտդ ուզում: 7-8 տարեկան էի: -Խորոված,- ասացի լաց լինելով: Այդպես ասացի, որովհետև միշտ մերժում էին ինձ: Հայրս ասում էր. -Խորովածի հոտը գցենք պետական շենքերի մարդկանց քի՞թը, ամո՜թ է… Էնքան սոված մարդ կա: — Բա ե՞րբ ենք անելու,- հարցնում էի:

— Երբ որ բոլորը կուշտ լինեն կամ էլ ես կարողանամ բոլորի համար խորոված անել: Ու այդպես սսկվում էի և ուշադիր հետևում, թե երբ են բոլորը հարստանալու: Իրիկունը, երբ հայրս գործից եկավ, մայրս ասաց.  -Բան չի ուտում, խորոված է ուզում:

Չնայած արդեն մութ էր, կազմակերպեցին ու մի ժամ հետո խորովածի հոտը քթիս կպավ: Ով ինչ ուզում է ասի, էն ժամանակ խորովածի հոտն ուրիշ էր, սիրտդ տեղից հանում էր: Գորիսը փոքր քաղաք էր, որ ծերում էլ խորոված էին անում, հոտից իմացվում էր: Խորովածի անուշ բույրին էլ չդիմացա՝ թռա տեղիցս ու սկսեցի պատուհանից նայել: Փողոցում ինչքան երեխա կար, եկել, շարվել էին կրակի շուրջը: Բոլորի ձեռքին թուղթ կար, քամի էին անում կրակին: Ես խղճացի հորս, որ շրջափակման մեջ է ընկել ու անելանելի վիճակից մտա անկողին՝ վերմակով ծածկելով գլուխս: Լսեցի, թե ինչպես է մայրս եղբայրներիս ու քույրիկիս ասում.

-Դուք էլ ցած իջեք, որ ձեզ էլ բաժին հասնի: Քիչ հետո հայրս ներս մտավ՝ համարյա դատարկ թասը թափահարելով և ուրախ-ուրախ ասաց.
-Երեխեքն ասացին՝ թող սա էլ Հասիկն ուտի, որ լավանա: Իրենք են ընտրել՝ ամենալավ կտորները: Վերցրի տաք- տաք մսի կտորները ու հանկարծ զգացի, որ ուտել չեմ կարող: Ծնողներս չէին փորձել: Միսը փոքրիկ մատներովս կտրտեցի ու բաժին հանեցի նրանց:

ՀԳ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Հարցնում են՝ Ծառուկյանի հարսանիքը տեղի՞ն էր, թե չէ։ Այդ հարցը ինձ չտաք, խնդրում եմ։ Հարսանիքին դեմ չեմ, բայց հրավառությունը դաժան էր։ Երկնքում Սուրբ Հոգիների ո ղբ էր․․․