«Որդիս հրաշքով պահում է մեր ընտանիքը». Նոնա Թելոյանը՝ ընտանեկան խնդիրների, պարտադրված զոհողությունները հիշելու և որդու ծննդից հետո իսկապես սիրելու մասին

Շոու բիզնես

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանի և Նոնա Թելոյանի ընտանիքը 5 տարեկան է: Զույգի որդին՝ Էդուարդը՝ 4,5 տարեկան է: Tert.am Life-ի հետ զրույցում Նոնան պատմել է ընտանիքի հիմքերն ամուր պահելու բանաձևի, միմյանց ձանձրացնելու, խնդիրները որդու օգնությամբ լուծելու մասին: Դերասանուհին նաև խոստովանել է, որ իսկապես սիրել սկսել է որդու ծննդից հետո:

Նոնայի խոսքով՝ կյանքում աշխարհիկն այնքան մեծ տեղ է զբաղեցնում, որ մարդիկ սկսում են հոգևոր արժեքներն ավելի թույլ զգալ:

«Աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքի՝ սիրո հետ կապը, կարելի է ասել, կորում է: Շրջապատումս նույնիսկ շատերը սկսել են կասկածել՝ արդյոք սիրո՞ւմ են: Անգամ ընտանիքներում ամուսիններն են նման կասկածներ ունենում, սովորական երևույթ է դարձել ինքդ քեզ, քո սիրտը չզգալը: Օրինակ՝ կարող ենք վերցնել մի տուփ, որտեղ կտեղավորվեն սահմանափակ քանակությամբ իրեր: Մենք ենք այդ տուփի տերն ու ինքներս ենք որոշում ներսում եղած իրերի տեսակն ու բնույթը՝ հոգևո՞ր, թե՞ աշխարհիկ: Անկասկած, առանց աշխարհիկի հնարավոր չէ, բայց պետք է զգույշ լինել, որովհետև այն ինքնին գայթակղություն ու փորձություն է: Հարցն ամբողջովին աշխարհիկից հրաժարվելը չէ, ուղղակի պետք է ողջամիտ լինել ու հասկանալ՝ տուփի պարունակությունը խանգարելու է կամ օգնի մեզ»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ կյանքում եղած ցանկացած դժվարության պահին պետք է մտածել, որ միայն ինքներս ունենք այդ խնդիրների լուծումները, ուրիշ ոչ ոք: «Ընտանիքում, իհարկե, կան խնդիրներ, բայց ամուր ընտանիք պահելու համար պետք է ընտրեմ, թե տուփիս մեջ ո՞ր դետալներն են հատուկ ընտանիք ունեցող կնոջը: Ընտանիքում պետք է ամենօրյա սեր լինի, որը կապահովի հաջորդ օրվա ներդաշնակության չափաբաժինը: Երբ գիտակցում ես, որ քո ամեն սխալի համար պատասխան են տալու քեզ համար ամենակարևոր ու թանկ մի քանի մարդ, գիտակցությունդ մեծանում է, չի թողնում, որ սխալվես կամ ինչ-որ բան բաց թողնես: Իհարկե, այս ամենը երկուսի աշխատանք է, չի կարող մեկն անել: Ես շատ օրինակներ ու պատմություններ գիտեմ, երբ մեկը քրտնաջան աշխատում է երկուսի փոխարեն, ոչինչ չի ստացվում»,- նշեց նա:

Հարցին, թե որքանո՞վ են իրենց ընտանիքում կարևոր մանրուքները, Նոնան պատասխանեց. «Պետք է մեր ներսում հասկանանք՝ ինչո՞ւ են մանրուքները կարևոր, եթե դրանք ընդամենը մանրուքներ են: Ինձ համար սերն առանց պայմանների է, ուր մնաց մանրուքներ լինեն, ուրիշ իրական սեր չեմ կարող պատկերացնել ու ճանաչել»:

Դերասանուհու կարծիքով՝ հարաբերություններում միմյանց չձանձրացնելը բարդ է: «Պետք է հիշել, որ մեզ երջանկացնող ցանկացած բանի համար թանկ ենք վճարում, ընտանիք կազմելիս պետք է պատրաստ լինենք թանկ վճարել ամեն օր հաջորդ օրվա համար: Ո՞վ է ասում, որ միմյանց չենք ձանձրացնում և կա բանաձև, որով կարող ենք ապրել առանց խնդիրների: Իհարկե, մեր ընտանիքում եղել են խնդիրներ, որոնցից ամենամեղմ խնդիրներից մեկը միմյանց ձանձրացնելն է:

Ուղղակի սովոր չենք խնդիրների մասին բարձրաձայնել, այդ ամենը մեզ մոտ լուռ է անցնում: Ամեն անգամ խնդիրների լուծումը երկար փնտրելուց հետո հասկացել ենք, որ միակ մարդը, ով կարող է դրանց լուծում տալ, մեր որդին է: Որդիս հրաշքով պահում է մեր ընտանիքը, որովհետև բարդ է պահել, պահպանել ընտանիքը»,- ասաց նա:

Նոնան նաև նշեց, որ ընտանիքում զոհողություններ միշտ էլ կան: «Ուղղակի, որպեսզի քո ընտանիքում զոհի կարգավիճակում չլինես, պետք է սպասես այնքան, մինչև այդ զոհողությունն անես քո կամքով: Պարտադրված զոհողությունները սխալ են, երբ դրանք ի սրտե չենք անում, մարդկանց կողմից չեն գնահատվում, պտուղներ չեն ունենում: Ես երբեք չեմ կարողանում մոռանալ իմ կատարած պարտադրված զոհողություններն ու ներել դիմացինիս՝ ինձ դրանց դրդելու համար»,- պատմեց նա:

Դերասանուհին ընդգծեց՝ եթե ոչ բոլորի, ապա ամուսնացող զույգերի մեծամասնության դեպքում, նրանց մտքում չեն կարող լինել գաղափարներ, թե ինչպես պետք է պահել ընտանիքի համերաշխությունը:

«Այս ամենը գալիս է ընթացքում՝ շատ սխալների արդյունքում: Ընտանեկան բոլոր հարցերը սկսվում են սիրուց, իսկ չլուծվող սխալները սիրո պակասից են, այլ տեղում պատճառ փնտրել պետք չէ: Գուցե այդ ժամանակ դեռ չես սիրում այնպես, ինչպես պետք է սիրես: Ես չեմ թաքցնում, որ սիրել սովորել եմ որդուս ծննդից հետո:

Խոստովանում եմ՝ մինչև այդ ինձ թվացել է, թե գիտեմ սերն ինչ է: Երբեք ուշ չէ սիրել սովորելու համար, իսկ դրա համար ամենապարզ միջոցն Աստվածաշունչ կարդալն է, հետո՝ երեխա ունենալը: Պետք է չամաչել որևէ տեղ ասել, որ երեխայից հետո ես սկսել սիրել սովորել»,- անկեղծացավ դերասանուհին:

Նոնան շեշտեց, որ աշխարհում գոյություն ունեցող բոլոր սիրային գործերի կողքին պետք է լինեն նաև գեղեցիկ խոսքեր, դա էլ մեր՝ աղջիկներիս թուլությունն է: «Շատ դեպքերում խոսքերը գալիս են բաց թողնված գործերը լրացնելու համար: Կանայք պետք է հստակ հասկանան՝ եթե գործերը շատ են, բացթողնված գործեր կան: Թեև, ամեն դեպքում, գեղեցիկ սիրո խոստովանություններ լսելը միշտ էլ հաճելի է»,- եզրափակեց դերասանուհին:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published.