«Միայն քթի վիրահատություն եմ արել, դեմքիս վրա այլ միջամտություն չկա». Անատի Սաքանյանը՝ պլաստիկ վիրահատությունների, դեմքի խնամքի և նոր առաջարկի մասին

Շոու բիզնես

Դերասանուհի Անատի Սաքանյանը, առաջին մասնագիտությամբ բժիշկ-կոսմետոլոգ և վարսահարդար է, տևական ժամանակ է` գործունեություն է ծավալում այդ դաշտում, սակայն ասում է` հարմար առաջարկի դեպքում այն կհամատեղի դերասանական գործունեության հետ:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է քննարկման փուլում գտնվող նորառաջարկի, ներկայիս զբաղվածության մասին, ինչպես նաև գործնական խորհուրդներ տվել մաշկի ճիշտ խնամքի համար, հատկապես, այս ցուրտ եղանակին:

Դերասանուհին նշեց, որ այս ընթացքում Մոսկվայից է առաջարկ ստացել նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում, սակայն մանրամասներին ծանոթանալ դեռ չի հասցրել. «Դեռ պետք է կապ հաստատենք իրենց հետ, ճշտենք ֆինանսական ու այլ հարցեր: Պետք է հասկանամ՝ ի՞նչ դեր է, որքա՞ն զբաղվածություն է ենթադրում, քանի որ չեմ կարող երկար ժամանակ ծնողներիս մենակ թողնել այստեղ: Եթե երկրից շատ բացակայելու կարիք չլինի, մյուս պայմանները ևս հարմար լինեն, կմեկնեմ համագործակցության պայմանագիր կնքելու, եթե ոչ, կսպասեմ առավել համար առաջարկի»,-ասաց նա:

Անատիի խոսքով` չկա այնպիսի կերպար, որն անպայման ցանկանում է խաղալ: Նրա կարծիքով յուրաքանչյուր դեր ունի իր հետաքրքրությունը, բայց կերպար մարմնավորելիս հստակ սկզբունքներ ունի. «Ես չեմ նկարահանվի բաց տեսարաններում, քանի որ հատկապես հայերը դա քննարկում ու քննադատում են։ Մեզ մոտ դա դեռ ընդունված չէ»:

Բաց տեսարաններում նկարահանվելը դերասանուհին բացառում է նաև արտասահմանյան շուկայի համար նախատեսված ֆիլմում: «Եթե պետք է տեսախցիկի առջև ամբողջությամբ հասանելի և բաց լինել, չեմ կարծում, որ ինձ մոտ կստացվի առանց կաշկանդվելու խաղալ: Հիմնականում, երբ մերժում ես նման տեսարան պահանջող դերերը, ստանում ես պատասխան, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ: Ինչ արած, թող թյուր կարծիք ունենան իմ մասին, բայց ես չեմ կարող»,- ասաց նա:

Անատին ներկայումս իր նեղ մասնագիտական հմտությունները կիրառում է իր հիմնադրած գեղեցկության լաբորատորիայում: Նրա խոսքով, այս աշխատանքը երբևէ ստվերում չի եղել, հաճախորդների սպասարկել է թե՛ տանը, թե՛ մտերիմ ընկերուհու գեղեցկության սրահում:

«Ներկայումս ավելի խորացել եմ դեմքի խնամքի, կոսմետոլոգիական այլ պրոցեդուրաների մեջ: Ինքս  բնական հումքից տարբեր կոսմետիկ միջոցներ եմ պատրաստում, դեմքը սնուցող և խոնավեցնող քսուկներ: Քանի որ Բժշկական ուսումնարանում եմ սովորել, ես լավ գիտեմ, թե ինչ նյութեր կարելի է համադրել իրար, մաշկի որ տեսակին ինչ խնամք է անհրաժեշտ: Իհարկե պատրաստածն առաջինը փորձարկում եմ իմ, հետո մոտ մարդկանց դեմքին, այնուհետև վստահաբար առաջարկում հաճախորդներին»,-նշեց Անատին:

Նա նկատեց, որ միշտ գեղեցիկ ու երիտասարդ տեսք ունենալու համար հարկավոր է մաշկի մշտական ու ճիշտ խնամք ապահովել: Անատիի խոսքով, դա կարելի է անել նաև տնային պայմաններում՝ օգտվելով բնական միջոցներից:

«Ամենկարևորը՝ ամեն մարդ պետք է իր մաշկի տիպին համապատասխան խնամք տանի: Տոնային քսուկներն ընտրելիս էլ պետք է ուշադրություն դարձնել մաշկի տեսակին: Դեմ եմ տեսակետին, թե մաշկին պետք է հետևել մեծ տարիքում: Այդ ժամանակ մեր դեմքին կնճիռներն արդեն շատ են լինում: 25-ից բարձր տարիքից պետք է սկսել մաշկի խնամքը, որպեսզի հետագայում էլ կնճիռները քիչ լինեն: Ձմռանը հատկապես պետք է մաշկը խոնավեցնող, սնուցող քսուկներ օգտագործել: Մաշկի խնամքի հետ կապված ցանկացած պրոցեդուրա ցանկալի է գիշերն անել, որովհետև այդ ժամանակ մաշկը գտնվում է հանգիստ վիճակում, ավելի շատ է շնչում և հեշտ է կլանում նյութերը»,– ասաց նա։ Որպես թարմանցնող միջոց` Անատին առաջարկեց ելակ կամ վարունգի կեղև քսել մաշկին։

Գաղտնիք չէ, որ այսօր կոսմետիկ միջամտությունները լայն հնարավորություն են տալիս ոչ միայն դեմքը խնամելու, այլև այն ձևափոխելու համար: Անատին նկատեց, որ շուրթերի ծավալի մեծացմանը կամ այլ միջամտություններին դեմ չէ, եթե պահպանվում է չափի զգացողությունը:

«Օրինակ՝ ես երեկ եմ հոնքերս տատուաժ արել, որովհետև հոնքերս տեղ-տեղ լավ չեն աճում, ամեն առավոտ  այն մատիտով գծելը ժամանակատար գործընթաց է, բայց օրինակ շրթունքի ծավալի մեծացում կամ բոտոքս չեմ անի, քանի որ չեմ պատկերացնում ինչպես կարող է ասեղը մտնել շրթունքիդ մեջ, բացի այդ, վախենում եմ՝ իմ ուզածը չստացվի»,-ասաց նա:

Ի զարմանս շատերի, դերասանուհին վստահեցնում է, որ բացի քթի պլաստիկ վիրահատությունից, իր դեմքին որևէ այլ միջամտություն չկա, չնայած իրեն վերագրվող բազմաթիվ փոփոխություններին:

«Ես ու ինձ մտերիմ մարդիկ գիտենք, որ նման միջամտություններ չեմ արել, դա ինձ հերիք է, իսկ մարդկանց այդ կարծիքներին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ: Միայն քիթս եմ վիրահատել, որովհետև շատ փոքր ժամանակ քույրիկս խաղալու ժամանակ ծնկով հարվածեց քթիս և ոսկորս վնասվեց, նաև շնչառության հետ խնդիրներ առաջացան»,-եզրափակեց նա:

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published.